Մոսկվայում քննարկվել են ԱՊՀ շրջանակում ցուցահանդեսային գործունեության զարգացման հեռանկարները
7 Ապրիլ, 2018

Ապրիլի 5-ին Մոսկվայում կայացել է ԱՊՀ ցուցահանդեսա-տոնավաճառային և համաժողովային գործունեության միջպետական խորհրդի հերթական ամենամյա նիստը:

Նիստին մասնակցել են միջպետական խորհրդի անդամներ ԱՊՀ ութ երկրից, դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Խորհրդի նիստում քննարկվել են հարցեր ԱՊՀ տարածքում ցուցահանդեսային գործունեության զարգացմանն ուղղված համագործակցության, միջազգային կազմակերպությունների (մասնավորապես՝ ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՈ-ի և այլ) հետ փոխգործակցության, ինչպես նաև ցուցահանդեսների ազգային օպերատորներին ԱՊՀ գործադիր մարմնի և նրա կառույցների կողմից աջակցության վերաբերյալ:

Նիստը նախագահել է Միջպետական խորհրդում Հայաստանի ներկայացուցիչ, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանը:

Կարեն Ասոյանը նիստի մասնակիցներին ծանոթացրել է Հայաստանում ցուցահանդեսային ոլորտում իրականացվող աշխատանքին և նշել, որ մեր երկիրը բավականին փորձ է ձեռք բերել և կարող է կազմակերպել ու անցկացնել միջազգային ցուցահանդեսներ: