ՀՀ-ԵՄ Գործընկերության և Համագործակցության Համաձայնագիր
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության հարաբերությունները, այդ թվում` առևտրատնտեսական, կարգավորվում են 1996թ. ապրիլի 22-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև կնքված և 1999թ. հուլիսի 1-ին ուժի մեջ մտած Գործընկերության և Համագործակցության մասին Համաձայնագրով (ԳՀՀ ): ԳՀՀ-ի հիմնական նպատակներն են`
- ապահովել համապատասխան հենք Կողմերի միջև քաղաքական երկխոսության համար` նպատակ ունենալով զարգացնել քաղաքական կապերը,
- աջակցել Հայաստանի Հանրապետությանը` երկրում ժողովրդավարությունն ամրապնդելու, տնտեսությունը զարգացնելու և ավարտելու անցումը շուկայական տնտեսությանը,
- ամրապնդել օրենքի իշխանությունը, ներառյալ իրավական համակարգի բարեփոխումները,
- նպաստել Կողմերի միջև առևտրին, ներդրումներին և ներդաշնակ տնտեսական կապերին,
- նպաստել մտավոր, արդյունաբերական և առևտրային սեփականության պաշտպանությանը,
- հիմք ստեղծել օրենսդրական, տնտեսական, սոցիալական, ֆինանսական, գիտական, տեխնոլոգիական և մշակութային համագործակցության համար: