Ապրիլի 20-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանն ընդունել է Չինաստանի Շենյան քաղաքի պատվիրակությանը՝ Չինաստանի Շենյան մասնաճյուղի միջազգային առևտրի խթանման կոմիտեի քարտուղար, Մետաքսի ճանապարհի տնօրինության խմբի տնօրեն Լի Իյի գլխավորությամբ:
Հովհաննես Ազիզյանը ողջունել է հյուրերին և նշել, որ վերջին շրջանում Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են, իսկ համագործակցության հնարավորություններն՝ ավելանում, ինչի համար կան լավ նախադրյալներ և երկու կողմերի մեծ ցանկություն: Նա նաև վստահություն է հայտնել, որ պատվիրակության այցը Հայաստան կլինի հետաքրքիր և արդյունավետ հայ-չինական գործարար կապերի ամրապնդման ու տնտեսական համագործակցության զարգացման տեսանկյունից:
Այնուհետև փոխնախարարը ներկայացրել է հյուրերին Հայաստանի տնտեսական իրավիճակը, ներդրումային հնարավորությունները, արտահանման ուղղությամբ իրականացվող աշխատանքները` նշելով, որ Հայաստանի արտահանման հնարավորությունները մեծ են: Նա նաև անդրադարձել է Հայաստան-ԵԱՏՄ, Հայաստան-ԵՄ համագործակցությանը:
Հովհաննես Ազիզյանը նշել է, որ Չինաստան արտահանման լավ հնարավորություն է տեսնում հայկական գյուղատնտեսական արտադրանքի և հայկական խմիչքների մասով, նաև ավելացրել, որ Հայաստանի տնտեսության զարգացման առաջնահերթություններից է մասնավոր ներդրումների ներգրավումը տնտեսության մեջ: Նա առաջարկել է չինական ընկերություններին ակտիվ մասնակցություն ունենալ Հայաստանի տնտեսության ամենատարբեր ոլորտներում, իրականացնել համատեղ նախագծեր և ներդրումներ, միաժամանակ հավաստիացնելով, որ պետության կողմից կլինի հնարավոր աջակցություն:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Շենյան քաղաքի ներկայացուցիչները նշել են, որ իրենք առաջին անգամ են Հայաստանում, բայց շատ տպավորված են թե´ երկրով և թե´ Հայաստանի բնակչությամբ: Ներկայացնելով իրենց քաղաքը և նշելով, որ ունեն զարգացած արդյունաբերություն, վերջիններս ավելացրել են, որ չին գործարարների մոտ Հայաստանի նկատմամբ կա մեծ հետաքրքրություն և համագործակցելու մեծ ցանկություն։ Երկու երկրների տնտեսական համագործակցության զարգացման տեսանկյունից նրանք կարևորել են նաև «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակում փոխգործակցության հնարավորությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են իրենց հետաքրքրությունները և ակնկալիքները, քննարկել տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունները, երկկողմ գործակցության եզրերը ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակներում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխանակել անհրաժեշտ տեղեկատվություն՝ հետաքրքրությունների շրջանակը և հետագա համագործակցության հնարավորությունները ճշգրտելու, երկու երկրների ընկերությունների կողմից համատեղ ներդրումային ծրագրեր իրականացնելու մասով հետաքրքրվածության աստիճանը հստակեցնելու, գործընկերներ գտնելու և առաջիկայում ավելի առարկայական, գործնական քայլեր իրականացնելու նպատակով: