Սուրեն Կարայանն այցելել է մսամթերքի արտադրամաս․արտահանման ծավալներն աճել են
27 Ապրիլ, 2018

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանն այսօր այցելել է արտադրական ձեռնարկություններ՝ ծանոթանալու վերջիններիս ծրագրերին։

Նախարարի պաշտոնակատարն այցելել է Հայաստանում մսամթերքի արտադրությամբ զբաղվող «Նաթֆուդ» ընկերության արտադրամաս։ Սուրեն Կարայանը շրջայց է կատարել գործարանում, ծանոթացել արտադրական հզորություններին և արտադրամասի զարգացման հնարավորություններին։ Նախարարի պաշտոնակատարին տեղեկացրել են, որ ընկերությունը մտադիր է այս տարի ընդլայնել իր բիզնես ծրագրերը։

«Նաթֆուդի» տնօրենների խորհրի նախագահ Հենրիկ Զախարյանը նշել է, որ ընկերությունը զինված է գերմանական տեխնոլոգիայով, և որակի վերահսկում իրականացվում է արտադրական բոլոր գործընթացներում․ ընկերությունում ներդրված են որակի վերահսկման անհրաժեշտ համակարգերը։ Նշվել է նաև, որ «Բիելլա» ապրանքանիշը ներկայացնող ընկերության արտադրանքի ծավալն աճել է 40.8%-ով։

Ընկերության արտահանման բաժնի ղեկավար Անի Թահմիզյանը տեղեկացրել է, որ արտադրանքի արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 4 անգամ, բացի այդ, արտահանման ուղղություններ են բացվել դեպի Միջին Ասիայի երկրներ։ Այդ երկրների թվում է նաև Ուզբեկստանը, որտեղ Հայաստանը առաջինն է մսամթերք արտահանել։

 


+