Քննարկվել են փայլաթիթեղի արտադրության զարգացման ծրագրերը
27 Ապրիլ, 2018

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանն այցելել է «Ռուսալ Արմենալ» ընկերություն։ 

Փայլաթիթեղ արտադրող ընկերության ղեկավարության հետ քննարկվել են արտադրանքի արտահանման հետ կապված խնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղիները, ինչպես նաև ընկերության զարգացման ծրագրերը։ 

Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ ընկերությունը Հայաստանի խոշորագույն ձեռարկություններից մեկն է և ապահովում է մեծ ծավալի արտահանում։ Այդ համատեքստում Սուրեն Կարայանը կարևորել է ընկերության կողմից արտահանման ուղղությունների բազմազանեցման հնարավորությունները, մասնավորապես՝ դեպի Ծոցի երկրներ։ 

Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ նախարարության համապաասխան ստորաբաժանումներին հանձնարարել է օժանդակել արտահանման խթանմանը՝ առկա գործիքակազմի շրջանակներում, ինչպես նաև արագ արձագանքել ընկերության արտահանման ներկա շուկաներում առաջացող խնդիրներին։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև նախատեսվող արտադրության ծավալների ընդլայնման և նոր արտադրատեսակների կազմակերպման համար նախատեսվող ծրագրերը։ 

Ընկերության ղեկավարությունը հավաստիացրել է, որ ներկայումս պահպանվում են գրանցված աճի տեմպերը։