Մայիսի 3-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ ՀՀ ժամանած «MARKIS» արդյունաբերության զարգացման կենտրոնի նախագահ Կոնստանտին Մարոտիսին և «GM Gruppo Maccabeo» ընկերության կառավարման պատասխանատու Պաոլո Մակաբեոյին։
Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարության աշխատակազմի Ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը և Ներդրումների ներգրավման և համակարգման վարչության պետ Վահագն Լալայանը։
Հանդիպման ընթացքում Կոնստանտին Մարոտիսը տեղեկացրել է, որ ներկայումս ընկերությունների խմբի կողմից իրականացվում է ուսումնասիրություն՝ Հայաստանում մետաղական-գալվանային էներգետիկ համալիր հիմնելու ուղղությամբ։
Համաձայն հանդիպման ընթացքում ներկայացված հայեցակարգի՝ «MARKIS» արդյունաբերության զարգացման կենտրոնը և «GM Gruppo Maccabeo» ընկերությունը նախատեսում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, տեղական արտադրությունների, ուսումնական հաստատությունների, ֆինանսական կառույցների հետ սերտ համագործացության միջոցով, Հայաստանում հիմնել մրցունակ մետաղական արտադրության համալիր։
Այցի շրջանակներում նախատեսվում է նաև այց կազմակերպել մասնավոր ընկերությունններ՝ առկա ներուժի և մետաղական-գալվանային արտադրության կազմակերպման հնարավորություններին տեղում ծանոթանալու նպատակով։