Մայիսի 3-6-ը «Yerevan Expo» ցուցահանդեսային համալիրում անցկացվում է իրանական արտադրանքի մասնավոր ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը և ԻԻՀ Ալբորզ նահանգի արդյունաբերության, հանքերի ու առևտրի կազմակերպության ղեկավար Մոհաղեղը։
Հովհաննես Ազիզյանն իր խոսքում ողջունել է ցուցահանդեսի մասնակիցներին և նշել, որ ցուցահանդեսը հայ-իրանական առևտրատնտեսական կապերի զարգացմանը նպաստող հերթական քայլերից է։ Նախարարի տեղակալի խոսքով՝ Ալբորզը արդյունաբերական արտադրանքով հարուստ նահանգ է, և ցուցահանդեսը լավ հնարավորություն է՝ դիտարկելու նահանգի գործարարների հետ այդ ոլորտում հայկական ընկերությունների համագործակցության հնարավորությունները։ Հովհաննես Ազիզյանն ընդգծել է, որ տնտեսական օրակարգում կարևոր իրադարձություն է Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագրի ստորագրումն առաջիկայում, ինչն իր ազդեցությունը կունենա Հայաստանի և Իրանի միջև տնտեսական համագործակցության խորացման գործում։
Իրանական արտադրանքի ցուցահանդեսում ներկայացված են սննդի արդյունաբերության, դեղագործության, բժշկական սարքավորումների, արդյունաբերական սարքավորումների բնագավառները ներկայացնող իրանական շուրջ 40 ընկերություններ:
Ցուցահանդեսի ընթացքում իրանցի և հայ գործարարները կմասնակցեն գործարար համաժողովին և B2B ձևաչափով հանդիպում-քննարկումներին՝ նվիրված տնտեսական համագործակցության ընդլայնման, առևտրաշրջանառության ծավալների մեծացման և, հատկապես, առևտրական ու տնտեսական ազատ գոտիներում համատեղ ընկերությունների հիմնադրման հարցերին: