ԵԱՏՄ անդամ երկրներն աշխատում են ոսկերչական իրերի հարգադրոշմների փոխադարձ ճանաչման ուղղությամբ
11 Մայիս, 2018

«Եվրասիական տնտեսական միության տարածքում թանկարժեք մետաղների և քարերի նկատմամբ գործողություններ իրականացնելու առանձնահատկությունների մասին» համաձայնագրի նախագիծը հատեց մշակման եզրափակիչ փուլը։ Սա էր ԵԱՏՄ անդամ երկրների պետական իշխանության լիազոր մարմինների ղեկավարների տեղակալների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցության արդյունքը, որը տեղի է ունեցել մայիսի 11-ին՝ Երևանում։ Խորհրդակցությունը վարել է ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով ԵԱՏՀ կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը։

Համաձայնագրով նախատեսվում է ԵԱՏՄ մաքսային տարածքում ոսկերչական իրերի փոխադարձ առևտրի շրջանակներում անդամ երկրների հարգադրոշմների փոխադարձ ճանաչում: Այսպիսով կվերացվեն ԵԱՏՄ ոսկերչական իրերի ներքին շուկայում առկա խոչընդոտները, որոնք ներառվել են 2018-2019 թվականների ընթացքում բացառությունների ու սահմանափակումների վերացման «ճանապարհային քարտեզում»։ Հարգադրոշմների փոխադարձ ճանաչման բացակայությունն այսօր մեկն է այն գործոններից, որոնք խոչընդոտում են փոխշահավետ առևտրատնտեսական հարաբերությունների ձևավորմանը և ԵԱՏՄ ոսկերչական շուկայի մասնակիցների մրցակցային առավելությունների իրականացմանը։

«Ակնհայտ է, որ ԵԱՏՄ ոսկեգործության ոլորտի ներուժը մինչ այժմ ամբողջությամբ բացահայտված չէ։ Հերթական սահմանափման վերացումը կարևոր քայլ կլինի ոսկերչական իրերի ընդհանուր շուկայի ստեղծման ճանապարհին և թույլ կտա նվազեցնել բիզնեսի համար գործարքային ծախսերը թանկարժեք մետաղների, քարերի և իրերի ներքին շուկայում», - ասել է Կարինե Մինասյանը:

2018-2019թթ․ «ճանապարհային քարտեզին» համապատասխան, որն ըդունվել է 2017թ․ հոկտեմբերի 25-ին, համաձայնագիրը պատրաստվում է վերջնական համաձայնեցման, որը նախատեսված է ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում։


+