Հայաստանը և Արցախը խորացնում են համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում
29 Մայիս, 2018

Մայիսի 24-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Խզմալյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Մեխակ Ապրեսյանը, եռօրյա պաշտոնայան այցով մեկնել էր Արցախի Հանրապետություն, որտեղ մայիսի 25-ին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը ստորագրել են զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:

ԱՀ ՄԵՀԶ նախարար Սերգեյ Շահվերդյանը կարևորել է հայաստանյան և արցախյան զբոսաշրջությունը մեկ ընդհանուր զբոսաշրջային արդյունքով արտահանման անհրաժեշտությունն ու արդյունավետությունը. «Զբոսաշրջության ոլորտում սերտ համագործակցությունն արդեն շարունակվում է մի քանի տարի, իսկ հուշագրի ստորագրումով համագործակցությունը կտեղափոխվի նաև ինստիտուցիոնալ դաշտ»:

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթույցյանն իր հերթին ընդգծել է ներգնա զբոսաշրջության զարգացման անհրաժեշտությունը. «Բազմիցս եղել եմ Արցախում որպես զբոսաշրջիկ և մեծապես տպավորված եմ եղել ընդունելությունից: Վստահ եմ՝ մեր համերկրացիները, այցելելով Արցախ, ոչ միայն կծանոթանան պատմամշակութային արժեքներին, այլ նաև կբացահայտեն արցախցուն՝ ջերմ ու հյուրընկալ: Իսկ զբոսաշրջիկներին հաճախ առավել գրավում է հենց ընդունելությունը»:

Հուշագրի ստորագրումից հետո լրագրողները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղելու զբոսաշրջության ոլորտի պատասխանատուներին:

Զարմինե Զեյթունցյանը նշել է, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի զբոսաշրջային հնարավորությունները շատ ավելի են, քան դրանք կարողանում ենք իրացնել և հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի և՛ Հայաստանը, և՛ Արցախը զբոսաշրջիկների համար դարձնել առավելապես գայթակղիչ:

Հուշագրի ստորագրումը կնպաստի զբոսաշրջության բնագավառում պետական և մասնավոր հատվածի համագործակցությանը` զբոսաշրջային հոսքերի ավելացման նպատակով, զբոսաշրջության բնագավառի վիճակագրության, զբոսաշրջային ռեսուրսների մասին տեղեկատվության, գովազդային նյութերի փոխանակմանը, զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսների, տոնավաճառների, համաժողովների, սեմինարների և այլ մշակութային ու զբոսաշրջային միջոցառումների կազմակերպմանը, փորձի փոխանակմանը զբոսաշրջության, մասնավորապես` զբոսաշրջության կառավարման և մարքեթինգի, ինչպես նաև հյուրանոցային գործի կառավարման բնագավառներում, ներդրողների, զբոսաշրջության բնագավառի հասարակական և ոչ առևտրային այլ կազմակերպությունների միջև համագործակցության հաստատմանը և զարգացմանը:

Այցի շրջանակում Հայաստանի զբոսաշրջության ոլորտի պատասխանատուների պատվիրակությունն այցելել է Շուշիի կերպարվեստի պետական թանգարան, Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարան, Տիգրանակերտի պատմամշակութային արգելոց, Նիկոլ Դումանի տուն-թանգարան և զբոսաշրջային նշանակություն ունեցող մի շարք այլ վայրեր:


+