ՌԴ Վլադիմիր քաղաքում կայացել է միջտարածաշրջանային 6-րդ տնտեսական համաժողովը
4 Հունիս, 2018

Հունիսի 1-ից 3-ը ՌԴ Վլադիմիր քաղաքում կայացել է միջտարածաշրջանային 6-րդ տնտեսական համաժողովը, որին ներկա էին ՌԴ կառավարության, բիզնեսի, բանկային համակարգի ներկայացուցիչներ, ինչպես նաև պատվիրակություններ 20 երկրներից: Մասնավորապես, համաժողովի աշխատանքին մասնակցել են ՌԴ արդյունաբերության և առևտրի, տնտեսական զարգացման, ֆինանսների, տրանսպորտի նախարարների տեղակալներ, Ռուսաստանի տարածաշրջանների ղեկավարներ, Ուղղակի ներդրումների հիմնադրամի ներկայացուցիչներ և այլն:

Համաժողովին մասնակցել է նաև Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ առևտրային ներկայացուցչ Կարեն Ասոյանը, ով լիագումար նիստում իր ելույթի և «կլոր սեղանների» քննարկումների ժամանակ ներկայացրել է Հայաստանի մի շարք ներդրումային ծրագրեր, մասնավորապես, «Մեղրի» ԱՏԳ ծրագիրը, ինչպես նաև այն լայն հնարավորությունները, որոնք ստեղծվել են ՌԴ ընկերությունների հետ արդյունաբերական կոոպերացիայի համար՝ երրորդ երկրներ համատեղ արտահանման նպատակով։

Հայկական կողմի առաջարկություններով հետաքրքրություն են ցուցաբերել Վլադիմիրի մարզի մի շարք արդյունաբերական ձեռնարկություններ, մասնավորապես՝ հաստոցներ արտադրող «ԿՄԶ» («КМЗ») գործարանի, էլեկտրատեխնիկական սարքերի արտադրության «Յուրև-Պոլսկիյ զավոդ «Պրոմսվյազ» («Юрьев-Польский завод «Промсвязь») գործարանի ղեկավարությունը և այլն։