Ծագման երկրի սերտիֆիկատի ստացման գործընթացի պարզեցում
Հայաստանի Հանրապետության կառավարությունը, առաջնորդվելով երկրի տնտեսության մրցունակության բարձրացման և շարունակական տնտեսական աճի ապահովման հրամայականներով, ընդունել է գիտելիքահենք տնտեսություն կառուցելու անհրաժեշտությունը և նախաձեռնել է իրականացնել արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերական քաղաքականություն:
Իրականացվող քաղաքականության հիմքում ընկած է արտահանման ներուժ ունեցող հեռանկարային ճյուղերի զարգացման աջակցման միջոցով տնտեսության արտահանելի հատվածի ընդլայնումը` շեշտադրելով վերամշակող արդյունաբերության զարգացումը: Նախարարությունը հետևողական աշխատանքներ է իրականացրել և իրականացնում, ինչպես ընդհանուր արդյունաբերության, այնպես էլ արդյունաբերության առանձին ոլորտային քաղաքականությունների մշակման և իրականացման ուղղությամբ, որի հիմնական նպատակն է կառավարման ժամանակակից մոդելների, արդի և մրցունակ տեխնոլոգիաների կիրառման, ինչպես նաև մարդկային կապիտալի շարունակական զարգացման միջոցով Հայաստանը դարձնել միջազգայնորեն մրցունակ տնտեսություն ունեցող երկիր:
Նշված նպատակների իրագործման համար մշակվել և 2011 թվականի դեկտեմբերի 15-ին ՀՀ կառվարության հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետությունում արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը»: Փաստաթուղթը միտված է տնտեսական աճի նոր շարժիչ ոլորտների ձևավորմանն ու զարգացմանը` ի հաշիվ ներկայումս արտահանող և արտահանման ներուժ ունեցող ոլորտների զարգացման:
Փաստաթղթում նախանշվել են արտահանման տեսանկյունից հեռանկարային 11 ոլորտներ, որոնց համար մշակվել են ոլորտային ռազմավարություններ և դրանց իրականացումն ապահովող գործողությունների ծրագիր, որով նախատեսված միջոցառումները կամ իրականացվել են կամ գտնվում են իրականացման փուլում:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը կարևորում է ճյուղային տնտեսության համալիր զարգացումը, առաջնահերթությունը տալով արտահանելի հատվածին:
Պետական աջակցության գործիքակազմ.
Հանրապետության տնտեսության վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեղմելու, արդյունաբերական ճյուղերի զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու, տեղական արտադրությունը խթանելու, նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով ՀՀ կառավարության կողմից կիրառվում է պետական աջակցության համալիր գործիքակազմ` ուղղված նոր ներդրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու միջոցով արտահանման ծավալների ավելացմանը և ներմուծման փոխարինմանը:
Նմանատիպ գործիքներից է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով հնարավորություն է ընձեռվում ներդրումային ծրագրերի շրջանակներում ներդրումներ կատարելու դեպքում կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարվելիք ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետները հետաձգել երեք տարով, ինչը նպաստեց դեպի հանրապետություն մեծաքանակ ներդրումների հոսքին, իսկ ծրագրերն իրականացնելու արդյունքում ստեղծվեցին նոր արտադրություններ և նոր աշխատատեղեր:
Մինչ 2017 թվականի օգոստոսի 31-ը հարկային արտոնություններ են ստացել տնտեսության ամենատարբեր ոլորտներ ներկայացնող թվով 88 ներդրումային ծրագիր: Կառավարության հավանությանն արժանացած ծրագրերի իրականացվող ներդրումները սարքավորումների ներմուծման մասով կազմել է 248,3 մլրդ ՀՀ դրամ (հետաձգված ԱԱՀ` 49,6 մլրդ ՀՀ դրամ): Կատարված ներդրումների շնորհիվ այս պահի դրությամբ ստեղծվել են մոտ 5071 նոր աշխատատեղ, իսկ նշված ծրագրերի իրագործման արդյունքում նոր բացված աշխատատեղերի քանակը կհասնի մինչև 8176-ի:
ՀՀ կառավարության 07.03.2013թ. N346-Ն որոշմամբ սահմանված կարգով հավանության արժանացած գործարար ծրագիր իրականացնող ռեզիդենտի (բացառությամբ առևտրի կամ ֆինանսական ոլորտում գործունեություն իրականացնող ռեզիդենտի)` գործարար ծրագրի մեկնարկման ու դրան հաջորդող երկու հաշվետու տարիների շահութահարկի գումարը նվազեցվում է գործարար ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի մասով համապատասխան տարվա ընթացքում հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան համապատասխան հաշվետու տարվա համար հաշվարկված փաստացի շահութահարկի գումարի 30 տոկոսը:
2013 թվականի նոյեմբերի 14-ին ՀՀ կառավարության N 1262–Ն որոշմամբ հաստատվել է Արդյունաբերական ընկերությունների կողմից ձեռք բերված ԱՏԳ ԱԱ 2710 19 710-271019 980 ապրանքախմբի ծածկագրերին դասվող ապրանքների (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 19 820 ապրանքախմբի ծածկագրին դասվող շարժիչային յուղերի) մասով վճարված ակցիզային հարկի գումարի վերադարձման կարգը:
2013 թվականից Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված իրականացվում է պետական աջակցության ծրագիր` մշակող արդյունաբերության ուղղություններով, որը հաստատվում է ամեն տարի: Պետական աջակցությունը տրամադրվում է հետևյալ ուղղություններով.
1. գործարար համաժողովների (ֆորումների), շնորհանդեսների, ինչպես նաև այլ համանման միջոցառումների մասնակցություն և (կամ) կազմակերպում
2. ֆինանսական գործիքների կիրառմամբ` արտադրական գործունեության վարկավորման մասնակի սուբսիդավորում
3. օտարերկրյա պետությունում և (կամ) Հայաստանում հայկական արտադրանքի վերաբերյալ գովազդի և հասարակական կարծիքի ձևավորման (PR) միջոցառումների կազմակերպում և իրականացում,
4. ցուցահանդեսների կազմակերպում և մասնակցության ապահովում
5. գործարար կապերի հաստատում
6. ուսումնական դասընթացների մշակման, կազմակերպման և իրականացման ֆինանսավորում.
Հայաստանի Հանրապետությունում ճյուղային տնտեսական քաղաքականության մշակման ուղղությամբ աշխատանքներն իրականացնում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ճյուղային տնտեսական քաղաքականության վարչությունը, հեռ` (+374 11) 59-71-45: