Հունիսի 14-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը Զբոսաշրջության պետական կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կառույցի նորանշանակ նախագահ Հռիփսիմե Գրիգորյանին։ Նախարարը խորին շնորհակալություն է հայտնել նախկին նախագահ Զարմինե Զեյթունցյանին կոմիտեի կազմավորման օրվանից իրականացրած բարդ և պատասխանատու աշխատանքի համար, նշել, որ նրա փորձառությունն ու գիտելիքները ոլորտի զարգացման համար կարևոր են և հույս հայտնել, որ այսուհետ ևս իր աջակցությունը կցուցաբերի համակարգին։
Նորանշանակ նախագահ Հռիփսիմե Գրիգորյանին Արծվիկ Մինասյանը հաջողություն է մաղթել, նշելով, որ զբոսաշրջության զարգացման գործում անելիքները շատ են և սկսված ծրագրերի արդյունավետ իրականացման շարունակականությանը զուգահեռ նորերի մեկնարկը պետք է նախանշել, աշխատել բաց և հրապարակային, իրականացնելով նաև հանրության համար բացատրական գործառույթ, որպեսզի հասկանալի լինի կոմիտեի ստանձնած քաղաքականությունը։
Զարմինե Զեյթունցյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին ոլորտը զարգացնելու ուղղությամբ կատարած համատեղ աշխատանքի համար, հաջողություն մաղթել Հռիփսիմե Գրիգորյանին՝ արհեստավարժորեն թիմը ղեկավարելու և շռնդալից հաջողություններ ամրագրելու գործում։
Հռիփսիմե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Զարմինե Զեյթունցյանին, նշելով, որ այն ամենն, ինչ սովորել է համատեղ աշխատանքի ընթացքում, շարունակելու է զարգացնել մոտեցումով, որ նվիրումով աշխատանքի դեպքում բոլոր խոչընդոտները հաղթահարելի են։
Բոլոր ծրագրերի իրականացման համար նախարար Արծվիկ Մինասյանը հայտնել է իր ամբողջական աջակցությունը, նշելով, որ խրախուսելու է նոր նախաձեռնություններն ու գաղափարները՝ նոր Հայաստանում զբոսաշրջության ոլորտում բարձր ձեռքբերումներ արձանագրելու համար։