ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համագործակցության մասին համաձայնագրի Հոդված 237-ի շրջանակներում, «Կոնյակ» անվանման վերաբրենդավորման գործընթացն արդյունավետ իրականացնելու համար, կողմերը նախատեսել են կատարել համապատասխան քայլեր՝ ֆինանսական ու տեխնիկական աջակցության փաթեթի ձևավորման նպատակով:
Նման գործընթացն անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությունից ծագող ապրանքների համար Եվրոպական միության «Կոնյակ» աշխարհագրական նշումի օգտագործման սահուն դադարեցումը, ինչպես նաև արտահանման շուկաներում Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մրցունակ դիրքի պահպանումն ապահովելու համար:
Համաձայն պայմանավորվածության, կհայտարարվի միջազգային խորհրդատվական ընկերության ընտրության մրցույթ։ Ընկերությունը պետք է իրականացնի կարիքների գնահատում՝ ուղղված նոր անուն մշակելուն, ներքին ու արտահանման ավանդական շուկաներում նոր անունը խթանելուն, գովազդելուն և շուկայահանելուն:
Մինչ մրցույթի հայտարարումն ու անցկացումը՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հրավիրում է գործընթացի նկատմամբ հետաքրքրություն ունեցող բոլոր միջազգային խորհրդատվական ընկերություններին՝ մինչև ս. թ. հուլիսի 17-ը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ներկայացնել մրցույթին մասնակցության «մտադրությունների նամակ»:
Նամակն անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ secretariat@mineconomy.am։