ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանի և ծրագրի շրջանակում ֆինանսավորում ստացած ՔՀԿ կոալիցիաների ներկայացուցիչների հետ, ովքեր ներկայումս ծրագրեր են իրականացնում բիզնեսի տարբեր ոլորտներում: Հանդիպմանը մասնակցել է փոխնախարար Ալբերտ Բաբայանը։
Հյուրերը ներկայացրել են ախարարին «Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» և «Մասնակցային մոնիթորինգ՝ հանուն Հայաստանում խելացի համայնքների ստեղծման» ծրագրերը և դրանց արդյունավետ իրականացման համար ձեռք բերել համագործակցության համաձայնություն:
Նախարար Մինասյանը կարևորել է ծրագրերն ու իրականացվող աշխատանքը՝ նշելով, որ նախարարությունում նախատեսվում են բարեփոխումներ, մշակավում են նոր գաղափարներ, որոնք պետք է վերածվեն հայեցակարգային ծրագրի։ Նա հավելել է, որ նշված գործընթացում ցանկալի կլինի, որպեսզի ակտիվ մասնակցություն ունենա նաև քաղհասարակության սեկտորը։
Կարեն Զադոյանը ներկայացրել է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը՝ նշելով, որ դրա շրջանակում քաղհասարակության կազմակերպությունների կարողությունները զարգացվում են, որպեսզի նրանք մրցունակ և արդյունավետ համագործակցություն, երկխոսություն ունենան կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
Հանդիպման մասնակիցները տեղեկացրել են նախարարին, որ իրենց գործունեության շրջանակում է աջակցությունը փոքր և միջին ձեռնարկություններին ռազմավարության մշակման հարցում և առաջարկել նախարարության հետ սերտ համագործակցություն, որպեսզի առավելագույն արդյունավետությամբ օգտագործվեն եղած ներուժը և ֆինանսական միջոցները։ Հանդիպման ընթացքում խոսվել է նաև սոցիալական ձեռնարկությունների մասին, որոնք նոր երևույթ են ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, և որոնք դիտարկվում են որպես կառավարաությանն օգնելու շատ լավ մեխանիզմ՝ տնտեսական զարգացման և համայնքային ու սոցիալական խնդիրները լուծելու համար։ Արծվիկ Մինասյանը հետաքրքրվել է գաղափարով և նշել, որ ներկայիս հարկային բարեփոխումների փուլում կարելի է ուսումնասիրել ոլորտն ու ներառել օրակարգում: Նախարարը նաև առաջարկել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներն ընդգրկել բիզնես ծրագրերում։
Հանդիպման ավարտին Արծվիկ Մինասյանը նշել է, որ նախարարությունը իր բոլոր ստորաբաժումների ներգրավմամբ պատրաստ է ակտիվ համագործակցության: