ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևի հետ։
Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Ավագ Ավանեսյանն ու Ալբերտ Բաբայանը, պատասխանատու այլ անձինք։
Քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցեր։ Նախարար Մինասյանը նշել է, որ երկու երկրների մրջև գոյություն ունեցող առևտրաշրջանառության ծավալը թեև արձանագրել է առաջընթաց, այնուամենայնիվ, կա մեծ պոտենցիալ այն նոր մակարդակի հասցնելու համար։
Դեսպանը նույնպես նշել է մեծ ներուժի առակայությունը, որը համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու հնարավորություն կտա։
Կողմերն անդրադարձել են մի շարք ոլորտներում գործածար կապերի աշխուժացման, տրանսպորտային, արդյունաբերության, ազատ տնտեսական գոտիներում փոխգործակցության, ոսկերչության, վառելիքի ոլորտներում փոխգործակցության հարցերին։
Ընդգծվել է ներդրումային համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը։ Քննարկվել է նաև Աստանայում Հայաստանի ոսկերչական տուն հիմնելու հարցը։ Աշնանը նախատեսվում է Հայաստանի և Ղազախստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, իսկ մինչ այդ կողմերը հայտնել են նախանշված ուղղություններով առավել ակտիվ համատեղ աշխատանք իրականացնելու պատրաստակամությունը։